Friday 25 January 2013

Իմ Հրեշտակի Պահապան Հրեշտակն Եմ Ես

Յուրաքանչյուր հրեշտակ`
Կես լուրջ, թե կես կատակ,
Ինքն ունի հրեշտակի կարիք,
Ինքն էլ է երբեմն զգում սպառնալիք:
Հորինված չեն ասածներս,
Սին ու փուչ չեն այս խոսքերս:
Ես էլ եմ ունեցել իմ հրեշտակը,
Սա է իմ ու նրա սիրո հիշատակը:

Լեցուն է կյանքը անակնկալներով,
Մենք էլ ապրում ենք լավի ակնկալիքներով:
Սակայն ոչ ոք ապահովագրված չէ,
Ոչ ոք վատից ու չարից պաշտպանված չէ:
Այս կյանքում դժվար ու պայքարով լի
Լոկ հրեշտակիս սերն էր անհերքելի:
Դաժան ու ցուրտ օրերի արդարացված հուզմունքն է,
Իմ ու իմ հրեշտակի պարզ, զուլալ զգացմունքն է:
Երջանկությունը հավիտյան չէ ու անվերջ,
Այն մի պահ է` շատ կարճ ու ոչ անշեջ:
Ես չեմ լինի առաջինը, ով կխոսա այդ մասին,
Չեմ էլ լինի վերջինն, ով կվերապրի վիճակն այս սին:

Հիշում եմ դեռ երեկ էր իմ հրեշտակը,
Անտեսելով սառնամանիքի ապտակը,
Ձեռքս ամուր սեղմած ուժգին ձյան տակ`
Ամեն մի նոր փաթիլի հետ ապացուցում իր սերն անհատակ:
Ժպիտը նրա տաքացնում էր հոգիս,
Կարծես գարունն էր անընդհատ կողքիս:
Իմ հրեշտակն էր նա` մի պարզ էակ,
Ում այս տողերն եմ թողնում հիշատակ:

Ձյունառատ մի առավոտ ես եկա քեզ հյուր,
Անհագ ցանկությամբ` տալ քեզ մի համբյուր,
Լոկ մեկ անգամ կրկին հպվել շուրթերիդ
Եվ անէանալ` թողնելով պարզ ժպիտ դեմքիդ:
Եկել եմ` անսովոր հանդերձներ հագած,
Գլխավերևումդ սպիտակ, լայն  թևերս բաց:
Թարթիչներիս ձյունը հալչում է, հոսում,
Կարծես ինձ քեզ հետ խոսել չի թողնում:
Եվս մեկ անկեղծ արցունքի կաթիլ`
Հոսած քո աչքից` նուրբ, ինչպես փաթիլ:
Աչքերդ համբույրով սրբեցի կրկին
Ու վերապրեցի մեր անցած անավարտ ուղին:

- Ո՟վ ես դու,- հանկարծ հարցրեցիր մի պահ:
Տարիները դարեր դարձան ինձ համար:
Մի՟թե թե փոխվել եմ այդքան քո աչքին,
Մի՟թե մեր միջի անդունդն է դարձել ահագին:
Ախր, ես նույնն եմ` քեզ հրեշտակ ասողը,
Ժպիտից ծնված քո արցունքներ մաքրողը:
Հիմա ուղղակի ես եմ հրեշտակ դարձել
Ու վերջին անգամ քեզ այցի եկել:

Ու դու ժպտացիր, գրկեցիր ինձ ուժգին:
Քեզ ես հպվեցի ամուր ու շշնջացի.
- Քո պահապան հրեշտակն եմ ես,
Եկել եմ ասելու, որ ապրես, արարես:
Ուզում եմ ապրես, մեր երկուսիս տեղն ապրես:
Ուզում եմ շարունակես ու իմ անավարտ գործերն ավարտես,
Իմ չզգացածը առավել մեծ զգացմունքով փոխարինես,
Քո մտքերում, հուշերում, սրտում ինձ անսահման սիրես:
Եկել եմ ասեմ, որ կողքիդ եմ միշտ,
Ինչ էլ, որ լինի` լինի դա սխալ, թե ճիշտ,
Որ ամեն վայրկյան վերևում քեզ եմ սպասելու
Ու գունավոր երազներիդ մեջ քեզ այցի գալու:

Հիմա խոստացիր, որ առհավետ պետք է միշտ ժպտաս
Ու չհանձնվես, պայքարես, ցնծաս:
Խոստացիր, որ կյանքդ կլցնես խինդով,
Ծիծաղով թովիչ, մեր անվերջ սիրո համար աղոթքով:
Ավաղ բաժանեց կյանքը մեզ դաժան
Ու էլ չենք կարող այսուհետ լինել անբաժան:

Ամեն անգամ, երբ նայես երկնքին,
Խնդրում եմ չլաս, չհուզվես կրկին:
Սիրտդ, որ ցավի, իմն էլ է զգալու նույնը, հոգի'ս;
Թե ժպիտը հոգիդ պարուրի, կրկին կզգամ քեզ կողքիս:
Թող անհետանամ աչքերումդ թաց, թող, որ ներծծվեմ քո մեջ,
Որ ամեն մի պահ սիրեմ քեզ իմ սիրով անվերջ:
Ցավոք ժամանակն է հեռանալ, բարձրանալ վերև:
Ապրիր միշտ խաղաղ, ապրիր միշտ թեթև:
Միշտ էլ հիշելու եմ ու սիրելու եմ քեզ.
Չէ՟ որ իմ հրեշտակի պահապան հրեշտակն եմ ես:

No comments:

Post a Comment