Thursday 4 April 2013

Վստահություն (Trust)

Ի՟նչ է վստահությունը: Ինչու՟ ենք մենք վստահում: Ու՟մ կարելի է վստահել և ինչո՟ւ:
Սրանք հարցեր են, որոնք, կարծում եմ, շատ անգամ են ծագել տարբեր մարդկանց մոտ: Նրանցից յուրաքանչյուրն էլ իր մեկնաբանությունն է տվել տվյալ երևույթին ու հասկացել այն յուրովի: Վերջերս ես նույնպես զերծ չմնացի այս ինքնաբուխ հարցադրումից ինքս ինձ և փորձեցի հասկանալ դրանց բնույթը, պատճառ հանդիսացող սկզբնաղբյուրը, դրդապատճառը և փորձեցի տալ իմ մեկնաբանությունը "վստահություն" կոչվածին:
"Վստահության մասին խոսելիս գուցե կրկնեմ բազմաթիվ այլ մարդկանց մտքեր, շարադրեմ դրանք նմանատիպ կամ մոտ բառերով: Չեմ կարծում դա լավ չէ, քանզի բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ կյանքի որևէ փուլում հանդիպում ենք այս հարցին, ոմանք անտեսում են այն, ոմանք էլ հուսահատ քայլում են առաջ` կյանքի ուղին անցնելիս կրկին չստանալով իրենք իրենցից պատասխան հերթական ծագած հարցի վերաբերյալ:
Հիմնվելով ասածիս վրա` "վստահությունը", այսպես, թե այնպես, ծագում է տարբեր մարդկանց մոտ կյանքի տարբեր փուլերում: Կարող եմ պնդել, որ դա համամարդկային հոգեվիճակ է, որի հետևանքով` դրական, թե բացասական, մարդիկ հոգեկան փոփոխույթուններ են կրում, ինչն էլ ազդում է նրանց հետագա կյանքի վրա:
Կարծում եմ` "վստահությունը" առաջ է գալիս գիտակցաբար, երբ հասուն մարդը վստահության կարիք է զգում, չնայած, որ ինքն արդեն ի զորու է պաշտպանվել: Հետևաբար, մենք վստահում ենք, որ պաշտպանվենք: "Վստահություն" բառը, որի արմատը վստահ լինելն է, այսինքն` մի բանի շուրջ համոզված և անկոտրում, անհերքելի կարծիք ունենալը: Իսկ ե՟րբ ենք մենք համոզված լինում որևէ երևույթի կամ մարդու նկատմամբ. միայն այն ժամանակ, երբ դա արդեն փորձում ենք և ստանում հիմնավոր արդյունք տեսնելիս
Վստահությունը ես ինքս շատ անգամ ասոցացնում եմ սիրո արտահայտման և դրա ցուցաբերման հետ: Կարծում եմ, որ հենց սերը մի քանի գործողությունների, երևույթների և հոգեկան վիճակների համախառն արդյունք է` արտահայտված` պայմանականորեն ընդունված և այն նկարագրող մեկ բառով: Կարծում եմ` բարդ սիրային հարաբերություններում "վստահության" դերը  երկրորդական չի կարող լինել, ավելին`ընդհակառակը: Մարդ կարող է շփվել, ապրել, արարել միայն այն մարդու կողքին, ում վստահում է: Հակառակ դեպքում այդ ամենը ոչ այլ է, քան ինքնախաբեություն, կյանքի ու ժամանակի անիմաստ վատնում: Սակայն մարդը սովորություն ունի վստահել դիմացինին միայն այն դեպքում, երբ վերջինիս փորձության է ենթարկում: Բազմաթիվ ձևերով և ուղիներով կարելի է փորձել մարդկանց վստահությունը: Ոմանք այն տեսնում են հավատարմության մեջ, ոմանք այն կապում են կարեկցանքի և դժվար պահին հենարան ապահովելու մեջ, այլոք` անկեղծության և անկեղծանալու սովորության մեջ, իսկ մնացած յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի ուղիների որոնման մեջ:
Ինձ համար "վստահությունը"  ներկայանում է որպես վազ` պատրաստված շատ տանկարժեք ապակուց, նուրբ է և պահանջում է հատուկ պահպանման պայմաններ: Դժվար չէ այս տեսակետից պատկերացնել, թե ինչպես է արձագանքում վազը իր հետ կատարված երևույթներին: Երբ սովորական վազը լցնենք ծաղիկներով, ավելացնենք մաքուր, պարզ ջուր և ամեն օր խնամենք թե՜ ծաղիկները, և թե՜ թարմացնենք ջուրը, ապա, ինքստինքյան, այդ  հասարակ վազը բոլորի ուշադրության կենտրոնում կհայտնվի և անկասկած աչքի կընկնի ու կտարբերվի այս` գորշ ու մռայլ, ամենօրյա իրականությունից: Լոկ հոգատարության ու խնամքի դեպքում միայն վազը երկար կծառայի Ձեզ ու կուրախացնի Ձեր կողքիններին, Ձեր շրջապատին
Բայց, ինչպես միշտ, պետք է նայել մեդալի հակառակ կողմը, որտեղ ճիշտ հակառակն է: Այդ նույն վազը, անուշադրության մատնվելով և աչքաթող լինելով, գուցե մի օր կարող է երրորդ անձի միջամտությամբ ընկնել և կոտրվել, բաժանվել մեծ ու փոքր հարյուրավոր կտորների:  Եվ այդ ժամանակ ինչքա~ն էլ փորձես բոլոր փշուրները հավաքել ու միացնել իրար, միևնույն է շատ հատվածներ անհնարին կլնի գտնել, իսկ գտնավածներն էլ, որքան էլ ամուր ու աննկատ սոսինձված լինեն, ի զորու չեն լինի վազին հաղորդել իր երբեմնի տեսքը, անգամ ամենաբյուրեղյա մաքուր ջուրն ու էնդեմիկ ծաղիկները այլևս չեն ունենա այն տեսքը, ինչ ունեցել են անցյալում:
Վազ-վստահություն հարաբերությունը, որքան էլ իրար հետ չառնչվող երևույթներ  լինեն,  ես դրանք համեմատել եմ շատ իրար նման կողմերի հիման վրա: Բայց կա մի շատ կարևոր տարբերություն դրանց միջև. վազը շոշափելի է ու տեսանելի աչքին, իսկ վստահությունը` հոգևոր է ու անտեսանելի մյուսների և, շատ դեպքերում էլ, հենց մեզ համար: Հոգու խորքում գտնվող "վստահության փխրուն վազը" ներկայացվում է միայն խոսքով, ու այն կարող ես թաքցնել բոլորից` առանց "նրա միջի ծաղիկները հանելու, կամ դատարկելու միջի ջուրը": Մինչդեռ իրական վազը տեսանելի է ու մեկնաբանման կարիք չունի: 
Մարդիկ շատ են պնդում, որ այլևս ոչ ոքի չեն վստահում: Այս տեսակ արտահայտությունը կարծում եմ կախված է միայն ու միայն իրենց հոգու եղած "վազի" վիճակից, բայց, կարծում եմ, հնարավոր չի լինի ապրել առանց որևէ մեկին վստահելու: Մարդուն լիարժեք ճանաչելու համար նախ` անմիջական շփում պետք է ունենաս վերջինիս հետ, ապա` վստահես: Բայց շատ քչերն են, որ պատրաստ են պատմել իրենց "վստահության վազի առկա կոտրվածքների մասին", բացել իրենց հոգին Ձեր առջև ու պատմել իրական անցյալը: Անհնարին է դառնում հատկապես այն ժամանակ, երբ "վազի անցյալը" հաճելի չի լինում հերթական անգամ հիշել, ինչ խոսք, դրա մասին ինչ-որ մեկի հետ կիսվել, այն էլ` անծանոթի հետ:
Ընդհակառակը, մարդիկ ովքեր չունեն միմյանցից գաղտնիքներ, երբ երկուսն էլ գիտեն միմյանց հոգեկան «տրավմաների», ապրումների ու վստահության պատճառով վերապրածի մասին, դառնում են իրար վստահող մարդկանց լավագույն օրինակ: Այս դեպքում գուցե՟ հարց առաջանա, իսկ ինչպե՟ս գտնել այդ մեկին, որին կվստահես: Կարծում եմ այս հարցի պատասխանը մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքը ստանա` հիմնվելով իր վերապրածի, ներկա ապրելակերպի և ապագայից ունեցած ակնկալիքների ու նպատակների վրա: Ես իմ կողմից միայն կարող եմ ավելացնել, որ նախ` պետք է վստահենք ինքներս մեզ, մի փոքր քիչ` կողքիններին ու փորձենք, կոտրված "վազերի" համար մեղավորներ փնտրելիս, առաջինը քննարկել մեր անձը: Պետք է հասկանալ, թե ի՟նչ ենք մենք արել այդ "վազի" պահպանման և այն երրորդ անձի միջամտությունից պաշտպանելու համար: Հավատացած  եղե՜ք, այս կերպ միայն ապրելն ու, ինչու չէ, վստահելը առավել հեշտ կլինի Ձեզ համար, Ձեզ շրջապատողների համար:

No comments:

Post a Comment